«Մենք չգիտենք, թե ինչ են ուզում լավացնել կամ փոփոխել «Հանրահավաքների, ժողովների, երթերի ու ցույցերի անցկացման մասին» նոր օրինագծով: Ամենայն հավանականությամբ, այդ փոփոխությունների նպատակը Ազատության հրապարակում հանրահավաքների արգելքը օրինական դարձնելն է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, հավելելով, որ ընդդիմությունը չի մասնակցել այդ օրինագծի մշակմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրահավաքների, ժողովների, երթերի ու ցույցերի անցկացման մասին» նոր օրինագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաեւ ԵԱՀԿ: Հայաստանում սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովից հրավիրված երկու փորձագետներ կժամանեն Հայաստան, ովքեր կմասնակցեն այդ օրինագծի շուրջ համատեղ աշխատանքներին: Նրանց կարծիքն ստանալուց հետո օրինագիծը կներկայացվի հասարակությանը, խորհրդարանին ու կառավարությանը: