Արդեն մեկ ամիս է, որ ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարբեկյանի ընտանիքը անորոշության մեջ է: «Ես միայն ցանկանում եմ, որպեսզի ինձ վերադարձնեն որդուս` ողջ կամ մեռած»,- ասում է Մանվելի հայրը` Մամիկոն Սարբեկյանը: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Թթու Ջուր գյուղի բնակիչ Մամիկոն Սարիբեկյանի խոսքով, Մանվել Սարիբեկյանը հովիվ չէր: «Բանակում ծառայելուց հետո նա վերադարձել էր գյուղ եւ տարբեր աշխատանքներ էր կատարում, դրա համար էլ գնացել էր անտառ ցախ բերելու: Մեր հարեւաններն անասուն ունեն. հնարավոր է այդ օրը նա գնացել էր կորած անասուններին գտնելու»,- պատմում է հայրը:
Միաժամանակ նա բացառել է, որ Մանվելը կարող էր մոլորվել անտառում: «Նա իր 5 մատի պես գիտի անտառը: Նա այստեղ մեծացել է եւ կարող էր փակ աչքերով գտել ճանապարհը: Ավելի շուտ, նրան գերի են վերցրել ադրբեջանցի հետախույզները: Սա առաջին դեպքը չէ. արդեն 4-րդ դեպքն է, որ մեր գյուղից մարդիկ են անհետանում»,- նշել է Մամիկոնը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ըստ Ադրբեջանի, Սարիբեկյանը կախվել է իր խցում, որպես պարան օգտագործելով վերնաշապիկն ու սավանը: Սարիբեկյանի վզին հայտնաբերվել է կախվածներին բնորոշ սպի:
Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական կողմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպորտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն իրականացնելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկայացնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: Հայաստանի ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, որ այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:
Հայկական կողմը դիմել է ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Երախորհրդին եւ ԵԱՀԿ-ին, պահանջելով, որպեսզի հայ փորձագետները նույնպես մասնակցեն Մանվել Սարիբեկյանի մարմնի փորձաքննությանը: Միաժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցում է ադրբեջանական կողմի հետ Սարիբեկյանի դին վերադարձնելու շուրջ:




























