Վրաստանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով Վրաստանի կողմից Հյուսիսային Կովկասի ՌԴ քաղաքացիների համար մուտքի վիզային ռեժիմը հանելը համարել է «քարոզչություն եւ սադրանք»:
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն զարմացած է, թե ինչո՞ւ է Կրեմլին գրգռում այն ամենը, ինչն անում է Վրաստանը` հումանիտար նկատառումներից ելնելով: Այս մասին Վաշաձեն ասել է հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Ես ներողություն եմ խնդրում, բայց Վրաստանն ինքնիշխան պետություն է եւ մենք ինքներս ենք որոշում, թե ինչ վիզային ռեժիմ սահմանենք այլ երկրների քաղաքացիների համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց գրանցված են Հյուսիսային Կովկասում, ապա մենք այդ որոշումն արդեն կայացրել ենք եւ եթե Ռուսաստանը հնարավոր կհամարի, կարող է այդ մարդկանց կանգնեցնել սահմանին: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն բաց է այդ մարդկանց համար»,- ասել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Սահակաշվիլին ստորագրել է հրամանագիր, որով Հյուսիսային Կովկասում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար հանվում է վիզայի ռեժիմը: Այն տարածվելու է Դաղստանի, Կարաչաեւո-Չերքեսիայի, Հյուսիսային Օսիայի, Ադիգեյի, Կաբարդինո-Բալկարիայի բնակիչների վրա: Նրանք մինչեւ 90 օր առանց վիզայի կարող են երթեւեկել Վրաստանում: Նշված երկրների բնակիչները որոշակի բիզնես եւ կոմերցիոն հետաքրքրություններ ունեն Վրաստանում: «Այն նպատակ ունի թեթեւացնել Հյուսիսային Կովկասի բնակիչների մուտքը Վրաստան, ովքեր ստիպված էին երկիր մտնելու ելքի վիզա ստանալ Մոսկվայում»,- հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանան Մանջգալաձեն:





























