Հյուսիսային Օսիայի, Դաղստանի եւ ռուսաստանյան մի շարք տարածաշրջանների հետ վիզային ռեժիմի հանումը նպատակ ունի ռացիոնալացնել եւ հեշտացնել այդ տարածքներից անձանց մուտքը Վրաստան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն:

«Ես անձամբ եմ ականատես եղել, երբ Ստավրոպոլի, Կրասնոդարի բնակիչները վիզա ստանալու համար ստիպված են եղել մեկնել Մոսկվա: Իսկ այժմ այդ հարցը լուծված է»,- ասել էԱբաշիձեն՝ հավելելով, որ իրավական տեսանկյունից ամեն ինչ կարգին է:

Փորձագետը նշել է, թե չի կարող մեկնաբանել վրացական իշխանությունների քայլը քաղաքական տեսանկյունից:

Մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում նա «քարոզչություն եւ սադրանք» էր որակել Վրաստանի այդ քայլը, Աբաշիձեն պատասխանել է. «Անկեղծ ասած, ես չեմ հասկանում: Եթե ես հեշտացնում եմ իր քաղաքացիների մի մասի կյանքն ու ազատում հոգսերից, ինչո՞ւ է վրդովվում: Նման արձագանքն անհասկանալի է»,- ասել է փորձագետը:

Հոկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ ՄիխայիլՍահակաշվիլին հրաման էր ստորագրել Դաղստանի, Կարաչաեւո-Չերքեսիայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի, Կաբարդինո-Բալկարիայի եւ Ադիգեյի բնակիչների համար վիզայի ռեժիմը հանելու մասին: