Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, Վլադիկավկազի շուկայում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Իսա Խաշագուլգովին ահաբեկչության մեղադրանք չի առաջադրվել: «Տարօրինակ է, որ ողջ երկրով մեկ հայտարարում են ահաբեկչության բացահայտման մասին, իսկ նրան 205 հոդվածով (Ահաբեկչություն) մեղադրանք չի ներկայացվել»,- ասել է Խաշագուլգովի փաստաբաններից մեկը:
Խաշագուլգովին ներկայացվել է միայն զինված խմբավորում ստեղծելու եւ ապօրինի զենք կրելու մեղադրանք: Նա, ի դեպ, կտրականապես հերքում է իր մեղքը եւ պնդում, որ «իր գլխին սարքել են»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, թե ահաբեկչությունը բացահայտվել է: «Պայթյունի անմիջական իրականացնողները եղել են ավազակախմբի անդամներ Ա.Դաուրբեկովը, Մ.Լատիրովը եւ Խաշագուլգովի եղբայրը»,- ասել է Բորտնիկովը:
Վերոնշյալ բոլոր անձինք ձերբակալվել են, եւս երկու անձ սպանվել է ձերբակալության ժամանակ, ասել է Բորտնիկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր ականապատված մեքենան` Վլադիկավկազի շուկայի մոտ: Զոհվել էր 19 մարդ, այդ թվում՝ չորս հայ: Տուժածների թիվն անցել էր 160-ից:




























