Այսօր՝ հոկտեմբերի 13-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հարզդանի նստավայրում շարունակվել է ոստիկանության բաժնում սպանված Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը:
Ինչպես NEWS.am-ին դատարանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանում վկայություն է տվել դատաբժիշկ Գագիկ Հարությունյանը, ով դեպքից հետո հետազոտել էր Վահան Խալաֆյանի դին: Դատաբժիշկը պնդել է իր եզրակացությունը, եւ հայտարարել, թե Վահան Խալաֆյանն ինքն է իրեն վնասել:
Գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը նշել է, որ նրա ցուցմունքում էական հակասություններ կան: Դատաբժիշկը նաեւ խուսափողական պատասխաններ է տվել փաստաբանների հարցերին:
Այս պահին դատարանը ընդմիջում է հայտարարել, որից հետո հրապարակվելու են ամբաստանյալի հեռախոսային խոսակցությունների գաղտնազերծումները:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը բերման էր ենթարկվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք` գողության կասկածանքով, սակայն այնտեղից դուրս է բերվել նրա դին: Գործում նշվում է, որ ոստիկանները խոշտանգել են նրան եւ Խալաֆյանն ինքնասպան է եղել, այնինչ սպանվածի հարազատները պնդում են, որ Վահանին ուղղակի սպանել են դանակի հարվածներով: Խալաֆյանի սպանության գործով որպես ամբաստանյալ անցնում է 4 ոստիկան` Աշոտ Հարությունյանը, Մորիս Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



























