NEWS.am-ը զրուցել է գործարար-պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ:
Պարոն Արզաքանցյան, վերջերս մամուլում հաճախակի են հրապարակումներ լինում այն մասին, որ ձեր գործերը վատ են։ Իսկապես, այդպե՞ս է։
Դրանք տնտեսությունից ոչինչ չհասկացող մարդկանց հոդվածներ են։ Իրավիճակը չհասկանալով՝ չի կարելի մարդկանց ճակատագրի հետ այդպես անհոգ խաղալ։ Մամուլը պետք է չորրորդ իշխանություն լինի, բայց հաստատ կարող եմ ասել, որ այդպիսի ստահոդ հոդվածներով աչքի ընկնող «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը երբեք չի հասնի իրական չորրորդ իշխանության։ Տնտեսական ճգնաժամի հետեւանքով անգամ հզոր ընկերություններն են սնանկացել, բայց մենք այդ ծանր վիճակից արդեն դուրս ենք եկել։ Մենք հայտնվեցինք ծանր վիճակում, քանի որ մեր 2 ռուսաստանյան գործընկերները՝ «Դիոնիս կլուբը» եւ «Վինեքսիմ» խումբը խրվեցին պարտքերի ու դատական գործընթացների մեջ, մեր գումարները չկարողացան ժամանակին վճարել։ Այդ պատճառով փոխեցի դիստրիբյուտորին։ Հիմա ժամանակին գումարները ստանում ենք։ Մեր նոր դիստրիբյուտորը ամերիկյան «Մոեթ Հեննեսի» ընկերության ռուսական «Վայթհոլլ» ներկայացչությունն է, որը «Հեննեսի» կոնյակի հիմնական դիստրիբյուտորն է ռուսական շուկայում։ Պայմաններն այնպիսին են, որ բոլոր այն առեւտրի կետերում, որտեղ «Հեննեսի» կա, պետք է լինի նաեւ «Ցար Տիգրան» կոնյակը։ Բոլոր ցանցերում արդեն մեր արտադրանքը առաջարկվում է գնորդներին։ Երեք ամսվա ընթացքում արդեն համարյա միլիոն շիշ ուղարկել ենք:
Կարո՞ղ ենք ասել, որ պարտքեր այլեւս չունեք
Մենք աշխատավարձի վճարման ուշացումներ, իսկապես, ունեցել ենք, բայց հիմա արդեն կանոնավոր վճարում ենք, նաեւ խաղողի մթերումն ենք իրականացնում առանց պայմանագրերի խախտման։ Համարյա 4000 տոննա խաղող ենք ընդունել՝ կգ-ը 120 դրամով։
Խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ ձեր կապիտալը Հայաստանից դուրս եք բերում։
Իմ հիմնական ներդրումները ես կատարում եմ Հայաստանում՝ ալկոհոլային խմիչքների եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում։ Ես նաեւ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում ունեմ գործարան, որը մի քանի օրից արտադրանք կտա։ Դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Ֆրանսիայում իմ բիզնեսն աճում է, ու ֆրանսիական ակտիվները միացնելով հայաստանյան ակտիվների հետ՝ ընդհանուր կապիտալիզացիան բարձրանում է։ Իմ արժեթղթերի գինն է բարձրանում։ Դա Ֆրանսիայում իր մեծությամբ 5-րդ խոշոր կոնյակի գործարանն է լինելու։ Աշխարհում կոնյակի լավագույն սպիրտները ստացվում են Ֆրանսիայում։ Ֆրանսիայի կոնյակի տեխնոլոգիաների հետ համեմատած՝ մենք դեռ քարե դարում ենք, շատ բան ունենք սովորելու։ Օրինակ, «Բակարդի Մարտինի» ընկերության հետ, որը նաեւ «Օթարդ» կոնյակի տերն է, համագործակցությունից շատ բան սովորեցինք։ Իմացանք, որ չի կարելի առանց ջուր պատրաստելու կուպաժ անել, դա նստվածք է տալիս։ Կամ կալցիումը մեր ջրի մեջ նորմայից ավելի է, մենք հատուկ թանկարժեք սարքավորումներ բերեցինք, որը թույլ է տալիս բոլոր միկրոէլեմենտները պահել չափի մեջ։ Այդպիսի սարքավորում Հայաստանում միայն մեզ մոտ եւ Երեւանի կոնյակի գործարանում կա։ Աշխարհում տեխնոլոգիաները ժամ առ ժամ զարգանում են, պետք է համընթաց գնալ աշխարհին։ Իսկ մեր օլիգարխներից շատերը դեռ հին մտածողությամբ են աշխատում, չեն փորձում փոխել ոլորտը, նոր տեխնոլոգիաներ չեն բերում։ Ինչ նախկինում ձեռք էին բերել, դրա վրա նստած են մնացել։
Հայաստանում կոնյակագործությունը կարծես կրկին զարգանում է, բայց նաեւ անորակ կոնյակի տեսակարար կշիռն է ավելացել։
Կոնյակի գործարանները սնկի պես աճել են, չենք էլ իմանում, թե շշի մեջ ինչ կա։ 900 դրամով կոնյակ են վաճառում, 1,4 դոլարով արտահանում են։ Մենք խաղողից սպիրտ ենք թորում, երիտասարդ սպիրտի 1 լիտրի ինքնարժեքը 6 դոլարից ավելի է, ո՞նց են իրենք այդ գնով կոնյակ ստանում, եթե տարեկան 3-5 տոկոս էլ սպիրտը ցնդում է։ 14 կգ-ից դուրս է գալիս 1 լիտր երիտասարդ սպիրտ, որը դեռ պետք է հնեցնել, տարիներով սպասել։ Իսկ հիմա նորաճ ընկերություններ են ի հայտ եկել, որ հսկայական քանակությամբ ցածրորակ կոնյակ են արտահանում, որից «հայկական կոնյակ» բրենդն է խայտառակ լինում։ Իսկ այդ անունը շատ դժվարությամբ է ստեղծվել, դա տասնամյակների ու սերունդների աշխատանքի արդյունք է։ Մենք այդ բրենդը պահել ենք, Երեւանի կոնյակի գործարանը պահել է, իսկ նոր ստեղծված կազմակերպությունները վտանգում են հայկական բրենդը։ Ռուսաստանի իմ գործընկերները ինձ մի քանի անգամ խորհուրդ են տվել միջոցներ ձեռք առնել «հայկական կոնյակը» պաշտպանելու համար, ինչպես դա անում են Ֆրանսիայում, որտեղ կոնյակագործները միավորվել են ասոցիացիայի մեջ։
Կոնյակը կարող է դառնալ քաղաքական գործիք, ինչպես վրացական կամ մոլդովական գինիների դեպքում, որոնց որակի հետ կապված խնդիրները առիթ տվեցին արգելքներ կիրառելու։ Այսօր հանրապետության նախագահի հրամանով, այդ աշխատանքներում ներգրավված է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, փորձում ենք ստեղծել կոնյակագործների հայկական ասոցիացիա, որպեսզի հայկական կոնյակի չափանիշները պահպանվեն։ Ով չի կարողանում իսկական հայկական կոնյակ արտադրել, պետք է այլ բանով զբաղվի։ Ցորենի սպիրտը թորում են, գույն են տալիս, նույնիսկ կարտոֆիլից են սպիրտ թորում կոնյակի համար, որը վտանգավոր է առողջության համար։ Եթե ասոցիացիան ստեղծվի, անդամավճարներով մի լավ լաբորատորիա կստեղծենք։ Ասոցիացիան արտահանման լիցենզիաներ կտա, ինչպես այլ քաղաքակիրթ երկրներում է։ Ասոցիացիան կպաշտպանի ոչ միայն սպիրտի որակը, այլեւ կհսկի, որպեսզի տարբեր արտադրողներ իրար նման անուններ կամ դիզայն չկիրառեն, այլ շուկաներում միմյանց չխանգարեն։
Ռուսաստանում պատրաստվում են կոնյակի նվազագույն գին սահմանել՝ 190-210 ռուբլի։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին։
Որակով կոնյակը չի կարող էժան լինել։ Մեր կոնյակը Ռուսաստանում վաճառվում է 200 ռուբլուց թանկ։ Բնականաբար՝ այս փոփոխությունը մեր օգտին է։
Բացի Ռուսաստանից՝ այլ շուկաների վրա աշխատո՞ւմ եք։
Մենք գործում ենք ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների բոլոր շուկաներում։ Պայմանագիր ենք կնքել ԱՄՆ արտահանելու համար՝ ամսական առնվազն 130 հազ. շիշ։ Այնտեղ մեզ խանգարում էր կեղծված արտադրանքի մեծ քանակուոթյունը, հիմա մի քանի դատական գործընթացներ կան այդ առումով, բայց հույս ունենք նոր դիստրիբյուտորի հետ հաջողության հասնել։ 18 տեսակի գինիներ ենք արտադրում, առաջին 2 կոնտեյներները ուղարկել ենք Անգլիա։ Սինգապուրի հետ պայմանագիր ենք կնքել, նրանց միջոցով մեր կոնյակն ու գինին դուրս կբերենք Հարավ-Արեւելյան Ասիայի մյուս շուկաներ։ Սինգապուրը շատ հաջող տարանցիկ գոտի է։ Մեր նպատակը տարեկան 5 մլն շիշ կոնյակի ցուցանիշին հասնելն է, ավելի շատին չենք ձգտում։
Վարդի թերթիկներով գինի ենք ստացել, բալի գինի ենք ստացել, այլ օրիգինալ գինիներ ենք մշակել, որոնք միջազգային մրցույթներում բարձր գնահատականների են արժանացել։
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























