Ֆրանսիական Natixis ներդրումային բանկի զեկույցի համաձայն՝ 2011 թվականին կշարունակվի գունավոր մետաղների գների աճը, պայմանավորված հիմնականում զարգացող երկրներում դրանց նկատմամբ պահանջարկի ուժեղ աճով։ Պղնձի եւ անագի մատակարարումների հետ կապված լարվածությունը հավանական է դարձնում, որ այդ մետաղների գները հաջորդ տարի ռեկորդներ կսահմանեն, այնինչ ալյումինի եւ նիկելի արտադրության աճը, ընդհակառակը, այդ շուկաներում լճացում կառաջացնի։

«Ճյուղը հուսահատ պայքարում է անագի մատակարարումներն ավելացնելու ուղղությամբ, իսկ պղնձի նոր հանքերը շատ բան չեն ավելացնի առաջարկին»,- նշում են Natixis-ի վերլուծաբանները։

Ըստ բանկի կանխատեսումների՝ 2011 թվականին պղնձի գները միջինում կկազմեն 8300 դոլար տոննայի համար, իսկ երկրորդ կիսամյակում կարող են գերազանցել 9000 դոլարը։ Անագի միջին գինը կգտնվի 24,5 հազ. դոլարի սահմաններում՝ տոննայի համար, կանխատեսում է Natixis-ը։

Նշենք, որ պղինձը էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանը 2010-ի առաջին կիսամյակում արտահանել է 57 հազ. տոննա պղնձի հանքաքար՝ 96 մլն դոլար մաքսային ընդհանուր արժեքով։ Դա Հայաստանի արտահանման կառուցվածքում ամենաբարձր ցուցանիշն է։ Բացի այդ Հայաստանն արտահանել է 3700 տոննա չզտած պղինձ՝ 42 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով։

Լոնդոնի մետաղների բորսայում երեկ պղնձի տոննա արժեր 8265 դոլար։