Հայաստանը պետք է եւ Իրանին, եւ Ռուսաստանին ներգրավի Մեղրիում՝ Իրանի հետ սահմանի մոտ նոր ազատ տնտեսական գոտում: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողներին ասել է քաղաքագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը:

Ազատ տնտեսական գոտին, որի նախագիծն արդեն քննարկվում է, կօգնի Հայաստանին նոր արդյունաբերական նախագծեր զարգացնել երկրի հարավում ու կօգնի պատրաստի արտադրանքի արտահանմանը:

Իսկ ռուսական կապիտալի մասնակցությունը այս հարցում կարեւոր է, որովհետեւ Հայաստանի արդյունաբերական պատրաստի արտադրանքի հիմնական գնորդը հենց Ռուսաստանն է ու ԵՏՄ երկրները, հավելեց նա:

Նշենք, որ Ռուսաստանը հայաստանյան թարմ մրգերի ու բանջարեղենի, նաեւ կոնյակի ու պտուղբանջարեղենային պահածոների խոշորագույն գնորդն է: Ռուսաստանը հայկական տեքստիլ ու ոսկերչական արտադրանքի խոշորագույն գնորդներից է: