Հոկտեմբերի 12-ին Հարավային Կորեայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի նախագահ Լի Մյուն-բակին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք նշվել է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանի եւ Կորեայի միջեւ բարեկամական կապերն ու համագործակցությունը շարունակաբար զարգանում եւ ամրապնդվում են: Կարեւորվել է երկու երկրների ղեկավարների փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ գործարար կապերի ընդլայնումը` առկա հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում:
Դեսպան Սարգսյանը նշել է, որ Կորեայի մի շարք գործակալությունների եւ հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում երկկողմ շփումների, կրթական եւ մշակութային փոխանակումների ընդլայնմանը: Միաժամանակ նա շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների ներգրավումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ համատեղ ծրագրերի սկզբնավորման համար:
Նախագահ Լի Մյուն-բակը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ոլորտներ գտնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել փոխշահավետ երկկողմ հարաբերությունների առաջխաղացում: Նա հաջողություն է մաղթել Հայաստանի նորանշանակ դեսպանին` երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման իր առաքելությունն իրագործելու ընթացքում` խոստանալով կորեական կողմի աջակցությունը:
Նշենք, որ դեսպան Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:





























