Վրաստանը կաջակցի Ռուսաստանի անդամակցությանն` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) միայն այն դեպքում, եթե նա կատարի այդ կազմակերպության պահանջները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, նշելով, որ դա, մասնավորապես, վերաբերում է մաքսակետերի թափանցիկ վերահսկողությանը: Նա ասել է, որ այդ հարցը քննարկվել է նաեւ իր ԱՄՆ այցելության ժամանակ, գրում է «Գռուզիա Online»-ը:
«Վրացական պատվիրակության անդամները հանդես են եկել մի քանի ամերիկյան ինստիտուտներում, որտեղ խոսք է գնացել նաեւ Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու մասին: Մենք հստակ արձանագրել ենք, որ ողջունում ենք ՌԴ-ի անդամակցությունն այդ կառույցին միայն այն դեպքում, եթե ԱՀԿ-ի բոլոր կանոնները պահպանվեն: Դրա տակ մենք, առաջին հերթին, հասկանում ենք մաքսակետերի թափանցիկ վերահսկողությունը, ինչը, ցավոք, վրաց-ռուսական սահմանի որոշ հատվածներում չի ապահովվում»,- հայտարարել է Գիլաուրին, հավելելով, որ «խոսքը այն մաքսակետերի մասին է, որոնք տեղակայված են օկուպացված տարածքներում»:





























