Արցախը 21-րդ դարի Մուսա լեռն է, բայց այս անգամ նրա պաշտպանները պետք է ընդմիշտ ողջ մնան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի գիտնական եւ պատմաբան Մայքլ Հեզեմանը:

Նա շնորհավորել է Արցախի քաղաքացիներին այն բանի համար, որ նրանք թշնամական մթնոլորտում պահպանել են իրենց ավելի քան 1700-ամյա հայ քրիստոնեական մշակույթը եւ ժառանգությունը՝ դիմակայելով հարեւանների բռնություններին:

«Նրանք բոլոր իրավունքներն ունեն իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Որպես հայեր նրանք այս հողի առաջին տերերի հետնորդներն են, եւ նրանց ձգտումները լեգիտիմ են: Նրանց սպանողների սերունդները պետք է իրենց փոխհատուցում տան որպես «20 դարի առաջին ցեղասպանության» զոհերի (Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքից մեջբերում է): Ազատ աշխարհն այլեւս երբեք չպետք է նրանց նկատմամբ խտրականություն, ճնշում եւ բռնություն թույլ տա: Արցախը 21-րդ դարի Մուսա լեռն է, բայց այս անգամ նրա պաշտպանները պետք է ընդմիշտ ողջ մնան: Թող Աստված օրհնի Լեռնային Ղարաբաղի հերոսներին»,- ընդգծել է Մայքլ Հեզեմանը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) անկախությունը: