ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի անդամները ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առիթով շնորհավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ Արցախի ժողովրդին:

«Այս օրը պատմության մեջ կարեւոր փուլ է ինքնորոշման եւ ազատության իր իրավունքի համար Արցախի մղած պայքարում»,- ասված է Ֆրենկ Փալոնեի, Ռոբերտ Դոլդի, Ջեքի Սփիերի, Դավիդ Վալդադոյի, ինչպես նաեւ հանձնաժողովի փոխնախագահներ Ադամ Շիֆի եւ Դեւիդ Թրոթի նամակում:

Նամակում ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում:

«Հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղի կգտնվի, եւ գնահատում ենք տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հասնելու՝ ձեր անսասան ձգտումը: Մենք շարունակում ենք սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ Արցախի անկախության ճանաչման կոչ ենք անում»,- ասված է նամակում: