Օք-Ռիջ ազգային լաբորատորիայում եռաչափ տպագրության տեխնոլոգիայի նոր ռեկորդ է սահմանվել:
www.dailytechinfo.org-ը հայտնում է, որ ժամանակին այդ լաբորատորիայում են պատրաստել 1965 Shelby Cobra մեքենայի ճշգրիտ կրկնակը եւ մի շարք այլ հետաքրքիր իրեր: Իսկ վերջերս պատրաստվել է շաղափա-ֆրեզերային սարքի էլեմենտ, որը նախատեսված է օդանավի թեւի հանգույցների մշակման համար: Այն Գինեսի ռեկորդների գրքի կոմիտեի կողմից ճանաչվել է որպես աշխարհում ամենամեծ օբյեկտը, որը պատրաստվել է եռաչափ տպագրության տեխնոլոգիայով:
Տարրի չափերն են 5.3 x 1.7 x 0.5 մետր, քաշը 748 կգ է: Համաշխարհային ռեկորդակիր համարվելու համար այն պետք է միաձույլ լիներ եւ ունենար 0,3 խոերանարդ մետրից ոչ պակաս ծավալ: Այս բոլոր պահանջները պահպանվել են, ինչը հաստատել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կոմիտեն:
Հանգույցը պատրաստվել է 30 ժամվա ընթացքում, մինչդեռ ավանդական մետաղական նմուշի պատրաստման համար պահանջվում է նվազագույնը 3 ամիս: Նոր մեթոդը թույլ կտա էականորեն խնայել ժամանակը, աշխատանքային ծախսերը եւ պաշարները, ինչը կանդրադառնա նաեւ արտադրանքի արժեքի վրա:
Սարքը, որի բաղադրամասն է հանգույցը, կօգտագործվի Սենթ Լուիսում գտնվող Boeing ընկերության նոր գործարանում 777X սերիայի օդանավերը կառուցելիս, որոնց սերիական արտադրությունը կսկսվի հաջորդ տարի:





























