Եվրոպական հանձնաժողովը փաստաթղթի նախագիծ է մշակել, որը կանոնակարգում է ԵՄ-ի տարածքում միջպետական ռոումինգի օգտագործումը: Մասնավորապես, առաջարկվում է տարեկան մինչեւ 90 օրվա վերին սահման մտցնել, գրում է  Financial Times-ը:

Եվրահանձնակատարներն առաջարկել են ներմուծել «բարեխիղճ օգտագործման» կանոն: Նախաձեռնությունը փորձ է` կասեցնելու այն բաժանորդների գործունեությունը, որոնք օպերատորական պայմանագրեր կգնեն ավելի էժան կապով երկրներում, իսկ զանգերը կիրականացնեն այնտեղ, որտեղ ծառայություններն ավելի թանկ են:  

Փաստաթղթի համաձայն, հաճախորդները կկարողանան անվճար ռոումինգից օգտվել ԵՄ-ի մեկ այլ երկիր մեկ ուղեւորության ընթացքում` մինչեւ  30 օր:   90-օրյա քվոտայի մեջ չեն ներառվի մեկօրյա ուղեւորությունները: 

Պարբերականը նշում է, որ Եվրահանձնաժողովի առաջարկած սկզբունքները ավելի խիստ են, քան հույս ունեին օպերատորները: 

2016 թվականի հունիսին Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել հունիսի 15-ից ԵՄ-ի բոլոր երկրներում չեղյալ համարել ռոումինգի համար վճարումը: Տարածաշրջանի ներսում ուղեւորությունների ընթացքում բաժանորդները նույն գինը կվճարեն, ինչ իրենց երկրում: