Բյուջեն, որը կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով, հերթական, գոյատեւման հարց լուծող բյուջե է. այն ոչ մի լավ բան չի խոստանում։ Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող բյուջեի այս նախագիծը մի փաստաթուղթ է, որն ԱԺ է ներկայացվել պարզապես ներկայացված լինելու համար, ոչ ավելին:

Նշելով, որ բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանում կսկսվեն երկուշաբթի օրը, նա միաժամանակ նկատեց, որ դրա կարիքը բոլորովին չկա։ «Ես կարող եմ հիմնավորել, թե ինչու չկա։ Այդ բյուջեում ոչինչ չկա։ Այն, ինչ տնտեսության մեջ տեղի է ունենում այսօր, կանխատեսելի էր շատ վաղուց։ Գալու էր մի օր, երբ տնտեսության զագացման եւ աճի մասին չէինք կարողանալու խոսել։ Դա պարզ էր արդեն 2004-2005 թվականներից, երբ հիմնական շեշտադրումը դրվեց ներուծման եւ օլիգարխիկ տնտեսությունը պահելու վրա»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ որպես ասվածի վկայություն համարելով նաեւ այն  փաստը, որ Հայաստանն ամբողջ հույսը դրել է դրսից ստացվող մասնավոր տրանսֆերտների վրա։

«Մենք տնտեսություն, որպես այդպիսին, չունենք։ Հայաստանում չկա մի ճյուղ, որն ապահովում է մարդկանց կենսամակարդակի բարձրացումը։ Այն 3-4 տոկոսանոց աճը, որ այսօր ցույց է տրվում, իրականում գոյություն չունի։ Բայց եթե անգամ 12 տոկոսանոց աճ էլ արձանագրեինք, զարգացման մասին խոսելը հարցականի տակ կլիներ»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, երբ փորձ է արվում գնահատել տնտեսության իրական վիճակը, ակնհայտ է դառնում, որ մեզ ներկայացվող թվերը իրականության հետ որեւէ կապ չունեն։ «Ինչո՞ւ է իշխանությունը նման կերպ վարվում մեզ հետ։ Որովհետեւ նրա գործունեության իրական գնահատականը տրվում է նաեւ տնտեսության մեջ եղած թվերով։ Նրանց համար տնտեսական աճի մասին թվերը կարեւոր են։ Ապրիլին, երբ ՀՆԱ 8,8 տոկոս աճ էր գրանցվել, եւ հարկերը քիչ էին հավաքվում, կառավարությունը շատ անհանգստացած էր, որովհետեւ Համաշխարհային բանկին հաշվետվություններ պետք է ներկայացնեին։ Բայց այդ թվերից մեր կյանքում ոչինչ չփոխվեց: Փաստն այն է, որ սկսում ենք ավելի վատ ապրել»,- նկատեց տնտեսագետը։
Նշենք, որ կառավարությունն օրերս խորհրդարան է ներկայացրել 2011 թվականի բյուջեն։ Դրա քննարկումները կսկսվեն երկուշաբթի օրը։