Beeline ընկերությունը Երեւանում գործարկել է 4G ցանցը: Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախտինը սեպտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է, որ ընկերությունը մայրաքաղաքում  4G  ստանդարտով արդեն 70 բազային կայան է տեղադրել, իսկ մինչեւ տարեվերջ պատրաստվում է դրանց թիվը հասցնել   150-ի:

Նոր ցանցը, որը գործարկվել է փորձնական–կոմերցիոն շահագործման համար, մինչեւ վայրկյանում 60 մեգաբիթ արագություն է առաջարկում:

«Առաջընթացը տեղում չի կանգնում: Ինտերնետը մեր հաճախորդներին անհրաժեշտ ամենակարեւոր բանն է: Դա նոր արագություններ են, նոր  հնարավորություններ եւ մեզ համար` մեծ հպարտություն», - հայտնել է Պյատախտինը:

«Ես ինքս երեկվանից սկսել եմ նոր ցանցն օգտագործել` տեխնիկական տնօրենի հովանավորության շնորհիվ»,  - ժպիտով նկատել է նա` հավելելով.  «Կարող եմ ասել, որ շատ լուրջ արագություններ են, անհամեմատելի են 3G ստանդարտի հետ: Բացի այդ, նոր ցանցն ընդհանուր առմամբ բարելավում է   Beeline բջջային կապի որակը»:

«Ցանցն արդեն գործում է Երեւանի տարբեր շրջաններում: Կենտրոնում ծածկույթ կա, մոնումենտում, Ազատության պողոտայում` եւս: Մնացածը կշարունակենք կառուցել: Իհարկե միշտ ընտրություն կա` կամ գործարկվել մի քիչ ուշ, բայց կայանների մեծ քանակությամբ, կամ` շուտ, բայց փոքր քանակությամբ:  Մենք գիտենք, որ մեր բաժանորդներին նախ եւ առաջ մեծ արագություններ են պետք, այդ պատճառով երբ մեզ մոտ   որեւէ նոր բան է հայտնվում, մենք դա անմիջապես տալիս ենք հաճախորդներին», - հավելել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշը, որը «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորներից եւ հարկատուներից է: