Առաջիկայում Beeline-ն իր բաժանորդներին լավ սմարթֆոններ կառաջարկի՝ 4G ցանցի ապահովմամբ, բավական գեղեցիկ գնով: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին ասել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը 4G/LTE ցանցի շնորհանդեսի ժամանակ, որը ընկերությունը Երեւանում գործարկել է փորձնական–կոմերցիոն շահագործման համար: Ցանցն արդեն գործում է Երեւանի կենտրոնում եւ մերձակա շրջաններում, այն առաջարկում է վայրկյանում մինչեւ 60 մեգաբիթ արագություն:
«Այժմ բաժանորդների գրեթե 10 տոկոսը LTE ցանցի ապահովմամբ սարքեր ունի: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ հիմա, երբ նոր տեխնոլոգիան Երեւան է մուտք գործում, անհրաժեշտ է բաժանորդներին հնարավորություն տալ ձեռնտու սարքեր ձեռք բերել, որոնք կկարողանան այդ ցանցում աշխատել:
Մենք նախկինում էլ ենք վաճառել LTE ապահովմամբ հեռախոսներ, բայց համոզված եմ, որ առաջիկայում նոր հնարավորություն կառաջարկենք՝ LTE ցանցում աշխատող շատ լավ սմարթֆոն բավական գեղեցիկ գնով»,- հայտարարել է Պյատախինը:
Ավտոմատ 3G-ից 4G կփոխանցվեն բոլոր սարքերը, որոնք գտնվում են ծածկույթի սահմաններում եւ ապահովում են նոր ստանդարտը. ոչ միայն բջջայինները, այլեւ USB եւ Wi-Fi մոդեմները:
«Մեր բաժանորդների շրջանում իրավիճակը բավական տարբեր է: Եթե խոսում ենք անլար մոդեմների մասին, ապա դրանց մի մասը չի ապահովում, բայց ինչ-որ մասն ապահովում է»,- նշել է Պյատախինը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշը, որը «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորներից եւ հարկատուներից է:





























