Beeline-ը Հայաստանում մրցակցում է OTT (Over the Top)  ծառայությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստան կատարվող զանգերի հարմար սակագների շնորհիվ: Այդ մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ամբողջ աշխարհի օպերատորների շրջանում ակնհայտ է ձայնային փաթեթի կրճատման միտումը, նշել է նա: Այդ է պատճառը, որ եթե նախկինում Beeline-ն իր մրցակիցների թվին էր դասում բջջային կապի մյուս օպերատորներին, «ՎիավաՍել ՄՏՍ»-ին եւ «Օրանժին» (հետագայում՝ Ucom),  ապա հիմա մրցակցում է նաեւ OTT ծառայությունների հետ՝ Whatsapp, Viber եւ այլն:

«Պետք է ասեմ, որ բջջային կապի օպերատորներն այդ մրցակցությունում միշտ չէ, որ հաղթում են: Այդպիսի ցանցը մեծ ծախսեր է պահանջում, ըստ որում՝ անմիջականորեն ի շահ երկրի: Մենք հարկեր ենք վճարում եւ աշխատատեղեր ենք ստեղծում: Իսկ OTT ծառայությունների մեծ մասը այստեղ հարկեր չի վճարում, բայց փող է տանում:

Այստեղ մրցակցությունն անչափ դժվար կլինի, եւ դա պետք է հաշվի առնել: Ժամանակակից նոր ծառայությունները, այդ թվում՝ մեր LTE ցանցի գործարկումը, որն այսօր ենք ներկայացրել, պահպանում են մեր հաճախորդներին: Հաճախորդը շարունակում է վստահել բջջային օպերատորներին, եթե նրանք զարգանում են: Իսկ մենք տեսնում ենք, որ բաժանորդներին բջջային ավելի մեծ թվով սակագնային փաթեթներ են պետք, եւ ժամանակից ետ չենք մնում»,- հավելել է Պյատախինը:

Մյուս եղանակը արտասահման էժան զանգերն են (քանի որ ձայնային ծառայություններում ջանում են տնտեսել հատկապես միջազգային զանգերի դեպքում):

«Հայաստանում ավանդաբար մեծ թիվ են կազմում թե՛ մուտքային, թե՛ ելքային զանգերը արտասահման եւ այնտեղից Հայաստան: Այս հարցում «Ռուսաստանյան» ծառայությունը Ռուսաստանի հետ հաղորդակցվելու շատ էժան սակագին է առաջարկում՝ րոպեի դիմաց 20 դրամ: Սա արդեն Viber եւ Whatsapp-ի համար իրական մրցակից է: Քանի որ մեր ոչ բոլոր զրուցակիցներն ունեն սմարթֆոններ, այսպիսի սակագնով կարող ես զանգահարել ուր ցանկանաս: Եվ մենք, իհարկե, հավատում ենք, որ մեր հաճախորդները մեզ սիրում են: Իսկ դա ամենակարեւորն է»,- ընդգծել է Պյատախինը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ, որը «ՎիմպելԿոմ» ԲԲԸ դուստր ընկերությունն է) Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից եւ հարկատուներից մեկն է: