Հայաստանյան երեք ընկերություններ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Իննովա Սոլյուշնս»-ը , «Վիստաա Պլյուս»-ը արժանացել են Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 2010 (ԵԲՄ) «Պատվո ժապավեն»-ների, որը հովանավորվում է HSBC-ի կողմից։
HSBC բանկի Հայաստանի Առեւտրավարկային վարչության տնօրեն Արամ Փինաջյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ, «Պատվո ժապավեն» մրցանակներ կշնորհվեն Եվրոպայի 100 լավագույն բիզնեսների, այդ թվում հայաստանյան 3 ընկերությունների։ Ա. Փինաջյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, մրցույթին հայտ է ներկայացրել 1035 ընկերություն։ Հայաստանից հայտ են ներկայացրել 9 ընկերություն, որոնցից 3-ն ընտրվել են Եվրոպայի 100 լավագույն բիզնեսների շարքում։
«Մրցանակաբաշխությանը ներկայացված բարձրակարգ կազմակերպությունների շարքում Հայաստանը ներկայացնող բիզնեսներին տեսնելը իսկապես հիանալի է»,- ասաց Ա. Փինաջյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել նախորդ մեկ տարվա ընթացում ընկերությունների կողմից իրականացված մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ նորարարական գաղափարների եւ նոր տեխնոլոգիաների ներդրումը բիզնեսում, հաճախորդների սպասարկման նոր մոտեցումները, նոր աշխատատեղերի ստեղծումը, ֆինանսական հաշվետվությունները եւ այլն։
Մրցանակը տարբեր ոլորտի եւ ծավալների բիզնեսներին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց երկիրը Եվրահամայնքին 9 մրցանակային անվանակարգերում՝ «Տարվա բիզնես», «Տարվա գործարար», «Տարվա նորարարություն», «Ֆոկուս դեպի հաճախորդը», «Աճի ռազմավարություն», «Տարվա գործատու», «Կորպորատիվ պատասխանատվություն», «Բնապահպանական իրազեկվածություն» եւ «Նախագահի ընտրություն»։
Նշենք, որ «Պատվո Ժապավենի» բոլոր մրցանակակիրները նոյեմբերին Փարիզում կմասնակցեն Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գալա-ընդունելությանը, որի ժամանակ Եվրոպայի առաջատար բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների, ձեռներեցների, բիզնես վերլուծաբանների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ կհանձնվեն մրցանակները։
Տեղեկացնենք, որ Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 4-րդ տարին եւ համարվում է Եվրոպայում բիզնես նորարարության, հաջողության եւ կայունության խորհրդանիշ։




























