Հայաստանում Beeline-ն աշխատում է VDSL-կապի ուղղությամբ՝ առայժմ Երեւանի կենտրոնի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

VDSL-ը (կատարելագործված ADSL) արդեն շատ երկրներում է գործում եւ պղնձե մալուխներով բարձր արագություններ առաջարկում: Դա թույլ է տալիս մի շարք դեպքերում այն չփոխարինել օպտիկականով:

Հարցն այն է, որ Արեւմուտքում օպերատորներից շատերը ի սկզբանե հեռախոսային պղնձե մալուխներ էին անցկացրել՝ թիրախում ունենալով որեւէ համացանցային փաթեթ: Իսկ Հայաստանում քաղաքային հեռախոսային ցանցը ստեղծվել է խորհրդային տարիներին՝ մինչ համացանցի դարաշրջանը:

«Մեր ցանցում արդեն թեստեր ենք անցկացրել սարքավորումների երկու մատակարարների օգնությամբ: Պարզել ենք, թե ինչպես են գործում տեխնոլոգիաները եւ այժմ աշխատում ենք դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Գլխավորը պղնձե մալուխների թողունակության բարելավման եղանակները գտնելն է»,- հայտարարել է Պյատախինը:

Դրանից զատ, մեծ թվով բաժանորդներ գիտակցաբար օպտիկականը նախընտրում են պղնձից՝ պատի վրա ավելորդ անցքեր չբացելու համար. դա չեն սիրում շատ երկրներում, բայց Հայաստանում՝ հատկապես, հավելել է Պյատախին:

«Այսինքն՝ պղինձն անկասկած առավելություններ ունի, բայց մենք, միեւնույն է, չենք մոռանում օպտիկականի մասին՝ ե՛ւ կորպորատիվ հաճախորդների, ե՛ւ տնային տնտեսությունների համար: Շարունակում ենք կառուցել: Երեւանում մենք 2 հազար բազմահարկ շենքերում FTTB (օպտիկականը մինչեւ շենք) ենք անցկացրել Իսկ մասնավոր տներում եւ ցածրահարկ շենքերում ցանկանում ենք ուժեղացված ADSL փորձել: Հետեւաբար առաջին հերթին կգնանք Երեւանի կենտրոն, քանի որ այնտեղ այնքան էլ շատ չեն բազմահարկ շենքերը, իսկ բարձր արագության կապի պահանջարկ կա:

Ես հուսով եմ, որ այդ նախագիծը կմեկնարկի արդեն այս տարի: Այժմ մենք նոր կապի ներթափանցման մանրամասն նախագիծ ենք կազմում»,- հավելել է Պյատախինը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ, որը «ՎիմպելԿոմ» ԲԲԸ դուստր ընկերությունն է) Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից եւ հարկատուներից մեկն է: