Իրանն ու Ֆրանսիան հարուստ ներուժ եւ հնարավորություններ ունեն: Irna-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի  նախագահ Հասան Ռոուհանին:

Նա նշել է, որ կողմերի միջեւ ստորագրված պայմանագրերի արագ իրականացումը կհանգեցնի Թեհրանի եւ Փարիզի՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների զգալի փոփոխությունների:

Անդրադառնալով միջուկային ծրագրի հարցով համաձայնությանը՝ նախագահը նշել է, որ համաձայնագրի շրջանակում պարտավորությունների լիարժեք եւ արագ իրականացումը կարեւոր չափանիշ է եւ հիմք՝ կողմերի միջեւ վստահության ձեւավորման համար: «Իրանն ամբողջությամբ իրականացնում է իր պարտավորությունները եւ ընդգծում բոլոր կողմերի կողմից դրանց արագ եւ մանրամասն իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է Հասան Ռոուհանին:

Բարտոլոնը նույնպես հայտարարել է, որ Իրանը կատարում է իր պարտականությունները, եւ պետք է ջանքեր գործադրվեն՝ համաձայնագրի բոլոր մասնակիցների կողմից դրա լիարժեք իրականացման համար:

«Իրանն ու Ֆրանսիան ընդհանուր դիրքորոշում ունեն բազմաթիվ տարածաշրջանային եւ միջազգային հարցերում, եւ երկու երկրներն էլ սերտ համագործակցության միջոցով կարող են արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանային եւ գլոբալ վեճերի լուծման հարցում»,- հայտարարել է նա: