ԱՄՆ-ն Իրանին առձեռն ավելի քան 1.7 մլրդ դոլար է փոխանցել, այլ ոչ 400 մլն դոլար, ինչպես նախապես էր հաղորդվել: Ըստ FoxNews-ի՝ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կրկին Կոնգրեսի ճնշումների տակ է, որը բացատրություններ է պահանջում: Հանրապետականներն Իրանին գումարի փոխանցումը «փրկագին» են կոչում:
Արդեն հայտնի էր, որ ԱՄՆ վարչակազմն Իրանին 400 մլն դոլար է փոխանցել: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, նույն օրը Թեհրանը համաձայնել է ազատ արձակել ամերիկացի 4 բանտարկյալի: Հիմա պարզվել է, որ այդ գումարը շատ ավելի մեծ փոխհատուցման՝ 1.7 մլրդ դոլարի մաս է կազմել:
Wall Street Journal-ի տվյալներով՝ մնացյալ 1.3 մլրդ դոլարը վճարվել է երկու մասով՝ հունվարի 22-ին եւ փետրվարի 5-ին: Գումարը վճարվել է շվեյցարական ֆրանկով, եվրոյով եւ այլ արժույթներով:
RNS-ը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին օգոստոսի 19-ին հաղորդել էր, որ այդ փողերը որպես «լծակ» են օգտագործվել՝ ամերիկացի բանտարկյալներին ազատ արձակելու հարցում Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար:
Իրանում 5 ամերիկացիներին հունվարի 16-ին ազատ էին արձակել՝ 7 իրանցիների դիմաց, որոնք ԱՄՆ-ում ձերբակալվել էին պատժամիջոցների խախտման համար: Այս գործարքը համընկավ Թեհրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկման հետ:





























