Կրեմլում սալաթների պատրաստման տեխնոլոգիաների ստուգում է իրականացվելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը», հայտարարել է Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչության մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը՝ մեկնաբանելով Տվերի նահանգապետ Դմիտրի Զելյոնինի հետ կատարված դեպքը: Վերջինս իր սալաթում անձրեւային որդ էր հայտնաբերել: Խրեկովը հավաստիացրել է, որ Կրեմլում առաջին անգամ է նման բան լինում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Կրեմլում Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի պատվին կազմակերպված ընդունելությանը Ռուսաստանի Տվերի նահանգապետ Դմիտրի Զելյոնինն իր սալաթում կենդանի որդ էր հայտնաբերել: Սրա մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Այդպիսի բան տեղի է ունենում նաեւ Ալեքսանդրովյան դահլիճում. տավարի մսի հետ մատուցում են նաեւ սալաթ` կենդանի անձրեւային որդերով»,- իր միկրոբլոգում գրել է ռուս նահանգապետն ու հեգնում. «Սա յուրօրինակ ձեւ է, ընդգծել, որ սալաթը թարմ է»: Որպես իր խոսքերի ապացույց, Զելյոնինը ներկայացրել է նաեւ որդի լուսանկարը` սալաթի մեջ:

Դրանից մի քանի ժամ անց, գրառումն ու լուսանկարը հեռացվում են միկրոբլոգից, սակայն որդն ու կրեմլյան ընթրիքն արդեն հանրության սեփականությունն էին դարձել:

Տեղի ունեցածն շտապել է մեկնաբանել ՌԴ նախագահի միջազգային հարցերով  օգնական Սերգեյ Պրիխոդկոն, ով այդ գրառումն ու լուսանկարն անվանել է «անպատասխանատու եւ հիմար»: «Բարեբախտաբար, ես զբաղվում են արտաքին հարաբերություններով, բայց, թերեւս, պետք է առաջարկեմ իմ իրավաբան գործընկերներին` նահանգապետերի գործունեության վերաբերյալ այսպիսի նոր հոդված նախատեսել. «հեռացում տկարամտության հիմքով»: Իսկ անպատասխանատվության եւ հիմարության մասին անգամ չեմ էլ ուզում խոսել»,- ասել է Պրիխոդկոն ու հավելել. «Բոլոր նրանց, ովքեր կցանկանան Զելյոնինին հյուր կանչել, ես խորհուրդ կտամ լուրջ մտածել, նախքան նման բան անելը»: