Աշխարհառչակ իտալացի երաժիշտ Ալ Բանոյի երեւանյան մենահամերգը բարեգործական է եւ ստացվող ողջ հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին։ Նրա մենահամերգը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին: Համերգը կանցկացվի Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեցին Առաջին տիկնոջ գրասենյակից։

Երգիչը Հայաստանում հանդես կգա միայն մեկ մենահամերգով։

Ալ Բանոն (լրիվ անունը Ալբանո Կարիզզի) իտալացի աշխարհահռչակ երգիչ է։ Ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրա հայրը՝ Կարմելո Կարիզզին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին եղել  Ալբանիայում, ի հիշատակ ինչի էլ որդուն անվանակոչել է Ալբանո (ալբանացի)՝ չնայած որ իտալերենում նման անուն չկա։ Ավելի ուշ Ալբանոն իր անունը բաժանել է երկու մասի՝ Ալ Բանո, որն էլ դարձել է նրա բեմական կեղծանունը։

12 տարեկանում Ալ Բանոն գրում է իր առաջին՝ Addio Sicilia (Մնաս բարով, Սիցիլիա) երգը։ Երգչին, սակայն, համաշխարհային հռչակ է բերում Ռոմինա Փաուերի հետ Felicità («Երջանկություն») զուգերգը, որը 1982 թվականի Սան Ռեմոյի երգի փառատոնին գրավում է երկրորդ տեղը։