Արարատի մարզի զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը՝ «Ռոժ» մականունով, ձերբակալվել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան լրատվամիջոցների՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորյալ Վարդան Մարտիրոսյանը պարբերաբար ծեծել եւ նվաստացրել է զինվորներին, ինչը, որոշ տեղեկությունների համաձայն, հովանավորել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին: Բացահայտվել է նաեւ, որ Խաչատուրով-Ռոժ զույգը ստիպել է զինվորականներին իրենց համար «Ակբա» բանկից վարկեր վերցնել 300-500 հազար դրամի չափով, ինչը աշխատավարձով ապրող զինվորականները չեն կարողացել մարել եւ լուրջ խնդիրներ են ունեցել:
Այս բացահայտումներից հետո «Ռոժին», ով Մոսկվայում կատարելագործվում էր, հետ են կանչել եւ ձերբակալել:
NEWS.am-ի տեղեկություններով, «Ռոժին» մեղադրանք են ներկայացնելու իշխանազանցության հոդվածով, որը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:




























