Պարզվել եւ ձերբակալվել է օգոստոսի 25-ին կատարված արյունոտ հանցագործության հեղինակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի 2/Բ շենքի բակում կրակոցներ էին հնչել: Հարակից շենքերի բնակիչները տեսել էին, թե ինչպես ՋԻՊ մակնիշի ավտոմեքենայով մի խումբ երիտասարդներ են եկել բակ, ու «մեր դեմ խաղ չկա» բացականչություններով սկսել կրակել: Ըստ ականատեսների` հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ աշխատակից, գնդապետ Սուրեն Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը: 23-ամյա Նարեկը ստացել էր աջ բազկի վերին երրորդի թափանցող եւ կրծքավանդակի աջ մասի կույր հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակի 7 պարկուճ: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չէր հաղորդում տալու:
Սեպտեմբերի 30-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդ.1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները պարզել էին, որ Նարեկ Ս.-ին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հրազենային վնասվածքը, գործով դեռեւս չպարզված անձի հետ, պատճառել է 20-ամյա Գեղամ Պ.-ն, իսկ նրա հանցակցի անձը դեռ պետք է պարզվի:
Իսկ արդեն այսօր` հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ «բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 13.30-ին, ՌԴ քաղաքացի, 25-ամյա Աշոտ Ե.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն եւ ներկայացրել ՊՄ տեսակի ատրճանակը` դատարկ պահունակով: Նա հայտնել է, որ օգոստոսի 25-ին Ազատության պողոտայի թիվ 2/բ շենքի բակում Նարեկ Ս.-ի վրա ինքն է կրակել»:
Հատկանշական է, որ ոստիկանության նոր հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա Գեղամ Պ.-ի մասին:





























