Քաղաքային հասարակական տրանսպորտի ընդհանուր քանակում միկրոավտոբուսների թվով Երեւանը ԱՊՀ երկրների մայրաքաղաքների առաջատարն է: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրած տեղեկատվության համաձայն ամեն օր քաղաքային երթուղիներ են դուրս գալիս ավելի քան 2100 միկրոավտոբուսներ, 240-250 ավտոբուսներ եւ 50 տրոլեյբուսներ:
«Ավելի քան 2100 միկրոավտոբուսներ» բառերի կապակցությունից կարելի է ենթադրել, որ երթուղի դուրս եկող մեքենաների թիվը տեսականորեն չի գերազանցում 2200-ը: Սակայն «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում լուրջ կասկածներ է հայտնել այդ թվերի հավաստիության վերաբերյալ, քանի որ ոչ հեռու անցյալում նույն միկրոավտոբուսների քանակը հասնում էր 3200-ի:
Եվ, դժվար թե, ոչ մեծ ավտոբուսների ներմուծումը լրացներ հազար միկրոավտոբուսների կրճատումը: Պողոսյանի կարծիքով պաշտոնական հաշվարկից դուրս մնացած հազար միկրոավտոբուսների հարցով պետք է զբաղվի Պետական եկամուտների կոմիտեն, նաեւ Աշխատանքի տեսչությունը` ստվերային զբաղվածությունը բացահայտելու համար:
Մյուս հրատապ խնդիրը միկրոավտոբուսների շահագործման նորմերի խախտումներն են: Դարձյալ հրատապ է դարձել կանգնած ուղեւորների խնդիրը: Հնարամիտ վարորդները նաեւ լրացուցիչ նստարաններ են տեղադրում, ինչը նույնպես նորմերի խախտում է: Պողոսյանի խոսքով, քաղաքային ռեժիմում միկրոավտոբուսների զանգվածային կիրառումը տագնապալի է եւ անհրաժշետ է միջոցներ ձեռնարկել դրանց թիվը կրճատելու համար: Միկրոավտոբուսներին պետք է փոխարինման գան ոչ թե ավտոբուսները, այլ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտը:




























