Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում հանդիպել են հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերիների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:
Վերջինս, սակայն, չհայտնեց, թե ինչ վիճակում են գտնվում հայ ռազմագերիները՝ նշելով, որ իրենք նման տեղեկություններ հաղորդելու իրավունք չունեն:
Աստաբացյանը հավելեց, որ այժմ էլ շարունակվում են բանակցությունները ադրբեջանական իշխանությունների հետ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Գաղտնի բանակցություններ են վարվում նաեւ Բաքվի բանտում զոհված Մանվել Սարիբեկյանի դին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ներկայումս հարեւան երկրի տարածքում են գտնվում 6 ռազմագերիներ եւ հայկական մեկ ընտանիք՝ բաղկացած 5 հոգուց: Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները մեկ ընտանիքի անդամներ են, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին: Ադրբեջանական գերության մեջ են գտնվում զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:




























