Facebook սոցիալական ցանցի ադմինիստրացիան Վիետնամում ռազմական գործողությունների ժամանակ արված մերկ աղջկա պատկերող «Նապալմ Վիետնամում» հայտնի լուսանկարի հրապարակումն արգելելուց հետո փոխել է միտքը եւ թույլ տվել ազատորեն այն տարածել սոցցանցում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Նորվեգիայի խոշորագույն Aftenposten պարբերականի խմբագիր Էգիլ Հանսենը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին մեղադրել է «իր իշխանությունը չարաշահելու մեջ», երբ սոցցանցում այդ լուսանկարով Հանսենի հրապարակումը ջնջվել է:
Լուսանկարը 1972 թվականին Վիետնամական պատերազմի ժամանակ արել է ամերիկացի լրագրող Նիք Ուտը: Դրանում զինվորականներ եւ երեխաներ են պատկերված: Կադրում նաեւ մերկ աղջիկ կա՝ 9-ամյա Կիմ Ֆուկը, որն այրվել է ավիահարվածի ժամանակ: Լուսանկարը նրան համաշխարհային ճանաչում բերեց, իսկ Ուտին՝ Պուլիցերյան մրցանակ:
Facebook-ը նախապես պաշտպանում էր նման լուսանկարները ջնջելու իր իրավունքը, եթե անգամ դրանք կուռքային էին, բայց խախտում էին սոցցանցի կանոնները:





























