Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Ալեքսանդր  Չիկվաիձեին, ում կասկածում են պաշտոնական դիրքը չարաշահելու եւ կաշառակերության մեջ:

Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հետաքննության վարկածով, նախկին փոխնախարարն իր ծանոթ Ծիրա Ջավախիշվիլիի միջոցով 40 հազար լարի կաշառք է ստացել «Վլազի» ԲԲԸ-ի տնօրեն Զուրաբ Ծիմակուրիձեից եւ առանց տենդերի պայմանագիր ձեւակերպել, որով տվյալ ընկերությունը պետք է վերանորոգեր Զուգդիդիի շրջանի Շամգոնի գյուղի դպրոցը: Նախաքննության տվյալներով, «Վլազիի» տնօրենը յուրացրել է այդ նպատակով ստացված 700 լարիից 500-ը:

Բացի այդ, Չիկվաիձեն եւս մեկ պայմանագիր է ձեւակերպել (1,8 մլն լարիի չափով) առանց տենդերի, որով պետք է վերանորոգվեին մի քանի այլ գյուղերի դպրոցներ:

Դատախազության տվյալներով, բոլոր անձինք, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել այդ գործերին, ձերբակալված են: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նախկին փոխնախարարին սպառնում է մինչեւ 11 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Վրաստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր առողջապահության նախկին փոխնախարարը, նաեւ Վրաստանի արբիտրաժային դատարանի նախագահ Իրինա Կոկայան: