Ֆրանսիայի իշխանությունները տարեսկզբից ի վեր գրեթե 300 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործունեությանը հանցակցության կասկածով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք մանրակրկիտ աշխատանք ենք կատարում եւ արդյունքներ ունենք: Տարեսկզբից ի վեր  293 մարդ է ձերբակալվել, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբերի գործունեությանը», - պարզաբանել է նախարարը: 

Անցած կիրակի Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մեքենա էր հայտնաբերվել, որի ներսում գազի մի քանի բալոն կար եւ բենզինով ցիստերն: Տաք հետքերով մի քանի մարդ է ձերբակալվել: 

Մի քանի օր անց Փարիզից ոչ հեռու հատուկ ծառայությունները կարողացել են երեք կնոջ ձերբակալել, որոնցից մեկը ձերբակալության ընթացքում դանակով հարվածել է ոստիկանության աշխատակցին: 

«Մենք կարողացանք կանխել հերթական ահաբեկչական գործողությունը», - հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` իրավապահ մարմիններին շնորհավորելով հաջող գործողության կապակցությամբ:  Սակայն ֆրանսիական պետության ղեկավարը  միաժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է չկորցնել զգոնությունը:  «Մնում են ծայրահեղական այլ խմբեր», - պարզաբանել է Օլանդը:

Երեք կին ահաբեկիչն իրենց գործողություններում առաջնորդվել են հրահանգներով, որոնք ստացվել էին Սիրիայում գործող «Իսլամական պետություն» արմատական խմբավորման   գրոհայիններից, հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:  «Սիրիայում ԻՊ-ի մուջահեդների շարքերում գտնվող անձանց կողմից հեռակա ուղղորդվող կանանց գործի անցնելը ցույց է տալիս, որ այդ ահաբեկչական կազմակերպությունը մտադիր է նաեւ կանանց օգտագործել, որպես իր գրոհայիններ», - հայտնել է նա:

Մոլենսն ընդգծել է, որ ձերբակալված կանայք գործել են` խստորեն հետեւելով իսլամիզմի գաղափարախոսությանը: «Նրանք ամբողջությամբ ընդունել են ԻՊ-ի մահաբեր գաղափարախոսությունը», - նշել է դատախազը: