Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Պատվո շքանշանով է պարգեւատրել ռուսաստանցի դերասան Օլեգ Բասիլաշվիլիին, որը թատերական փառատոնի է ժամանել Թբիլիսի, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Այս շքանշանը գնահատականն է այն ամենի, ինչ դուք արել եք արվեստում եւ մեր երկու ժողովուրդների հարաբերությունների բարելավման համար: Ժողովուրդների միջեւ լինում են տարբեր ժամանակահատվածներ, լինում են, կարծես, անհաղթահարելի հիմնախնդիրներ, սակայն ինչ էլ պատահի, մենք չպետք է կորցնենք միմյանց», - պարգեւատրման ժամանակ ասել է Վրաստանի նախագահը:
Բասիլաշվիլին պատասխան խոսքում նշել է, որ իր համար անսպասելի էր վրացական շքանշանով պարգեւտրվելը: Բասիլաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները ջանք կգործադրեն, որպեսզի երկու ժողովուրդների հարաբերությունները նախկինի նման ջերմ ու եղբայրական լինեն:




























