Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուկրաինական «Բուլվար Գորդոնա» պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական կողմի մեղադրանքը, ըստ որի, ինքը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գործակալ է, հայտնում է «Գրուզիա online»-ը։

«Ես մի անգամ այդ առումով կատակեցի Ջորջ Բուշի հետ. մենք հանդիպեցինք ՄԱԿ-ում, եւ նա ասաց, որ գնում է Պուտինի հետ հանդիպման։ Ես էլ ասացի. «Ինչ-որ շատ են խոսում այն մասին, որ ես ԿՀՎ գործակալ եմ։ Խնդրում եմ, հաստատիր, որ դա այդպես է։ Հնարավոր է՝ Կրեմլը այդ բանից հետո լուրջ ընդունի ինձ»։ Բուշը ծիծաղեց եւ արձագանքեց. «Մի նեղսրտիր, այնտեղ, այսպես թե այնպես, քեզ լուրջ են վերաբերում»։ Իրականում սա խորհրդային մտածողության նախադեպ է, եթե նրանց որեւէ բան դուր չէր գալիս, քեզ միանգամից ԿՀՎ գործակալ էին համարում»,- նշել է Սահակաշվիլին։