Ամերիկացի երկրաբան քիմիկոսները հերքել են Լուսնի ձեւավորման ամենատարածված տեսությունը ու հնարավոր համարել, որ անցյալում մեր մոլորակի ուժեղ գոլորշացում է եղել, հայտնում է Nature ամսագիրը:
Գեոքիմիկոսները ուսումնասիրել են կալիումի երեք կայուն իզոտոպեր լուսնի ու Երկրի ապարներում: Ստացված տվյալները ցույց են տալիս, որ արբանյակից ու մոլորակից ստացված նմուշներում գրեթե նույնն է ատոմների որոշ տեսակների պարունակությունը, ինչը վկայում է դրանց ընդհանուր ծագման մասին:
Գիտնականների արդյունքները բացատրվում են Երկրի արբանյակի ձեւավորման երկու նոր մոդելներով, ըստ որոնց հեռավոր անցյալում մեր մոլորակը բախվել է ինչ- որ խոշոր երկնային մարմնի: Առաջին սցենարի դեպքում մոլորակի ուղեծրում ձեւավորվել է սիլիկատային սկավառակ, իսկ հետո՝ Լուսինը: Ըստ երկրորդ սցենարի՝ մոլորակի գրեթե ամբողջ ծածկույթը գոլորշացել է ու շարժվել դեպի մոլորակին շրջապատող տարածք, որտեղ էլ հենց կատարվել է արբանյակի ձեւավորումը:
Սակայն լուսնային նմուշները կալիում 41-ի ավելի շատ ծանր իզոտոպ էին պարունակում, քան երկրայինները: Տեսական հաշվարկները ցույց են տալիս, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե Լուսնի ձեւավորումը տեղի է ունեցել Երկրի վրա նորմալ մթնոլորտային ճնշումը գրեթե տասնակի գերազանցող ճնշման պայմաններում:
Արբանյակի ծագման ընդունված բացատրությունը ենթադրում է, որ Երկիրը բախվել է Մարսի չափ մեծ երկնային մարմնի բեկորների, ինչից էլ հենց հետագայում ձեւավորվել է Լուսինը: Առայսօր բոլորի կողմից ընդունելի է համարվում հենց այս հիպոթեզը, որը ձեւակերպվել է դեռ 1970 ականների կեսերին:





























