Չինաստանում առաջին տիեզերական արդյունաբերության բազան կստեղծվի Ուհան քաղաքում (կենտրոնական Խուբեյ նահանգ): Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են շրջան վարչակազմի եւ Չինական աերոտիեզերական գիտության եւ արդյունաբերության կորպորացիայի (CASIC) ներկայացուցիչները, հայտնում է  China Daily-ն:

Պարբերականի տվյալներով, արդյունաբերական օբյեկտը կմասնագիտանա կրիչ հրթիռների եւ արբանյակների, առեւտրական տիեզերական գործարկումների եւ արբանյակային տվյալների հետ աշխատելու գործում: CASIC-ի Չորրորդ ակադեմիայի տնօրենի տեղակալ Չժան Դին հայտնել է, որ ենթադրվում է, որ մինչեւ 2020 թվականը Ուհանում կկարողանան տարեկան մինչեւ 50 հրթիռ եւ 140 արբանյակ արտադրել:

Փետրվարի կեսին չինական կորպորացիան հիմնադրել է  Expace Technology ընկերությունը, որը, ակնկալվում է, ՉԺՀ-ում առեւտրական արբանյակների գործարկման երկրորդ օպերատորը կդառնա China Great Wall Industry Corporation-ից հետո: Չժան Դիի խոսքով, որը գլխավորել է նոր ֆիրման, ներկայումս  Expace Technology-ն մի քանի չինացի հաճախորդի հետ 100 մլն յուանի (մոտ 15 մլն դոլար) պայմանագրեր է ստորագրել: Նա պնդում է, որ ընկերությունը կարեւոր մրցակցային առավելություն ունի. այն կկարողանա տիեզերական գործարկումներ կատարել  2,5-3 անգամ ավելի էժան, քան աշխարհում միջին գինն է:

CASIC-ը «Կուայչժոու – 11» կրիչ հրթիռն է մշակում  700 կմ բարձրության վրա գտնվող ուղեծիր մինչեւ մեկ տ կշռով բեռներ հասցնելու համար: Առաջին գործարկումը նախատեսված է 2017 թվականին: