Ռուս չինովնիկները կրկին խոսել են ռազմական ոստիկանության ստեղծման մասին։ Իշխանության ներկայացուցիչների խոսքով, գերատեսչության ձեւավորման մասին վերջնական որոշում է ընդունվել։ Ոստիկանություն ստեղծելու նախկին փորձը, որ ձեռնարկվել էր անցած տարի, ձախողվել էր, գրում է «Վզգլյադ» թերթը։
Զինվորական ոստիկանությունը Ռուսաստանի զինված ուժերում ստեղծվում է բանակում օրինականության եւ կարգապահության ամրապնդման համար, «Ինտերֆաքսին» հայտնել է իշխանական իր աղբյուրը։
Նրա խոսքով, ռազմական ոստիկանության ստեղծման վերջնական որոշումն արդեն կայացված է, այն կունենա 20 հազար աշխատակից:
Ներկայումս ռազմական ոստիկանություններ գործում են աշխարհի 41 բանակներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի։ Հետխորհրդային տարածքում ռազմական ոստիկանության ինստիտուտը գործում է Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաեւ Բալթյան երկրներում։





























