Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում Ավստրիայի իշխանություններին վերջ տալ երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնել լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը երկրից: Հայտարարությունը ստորագրել է նաեւ Amnesty International հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ-ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ լինի` մարդասիրական հիմքի վրա թույլ տալով երկրում մնալ ապաստան հայցող երիտասարդներին ու նրանց ծնողներին, հաղորդում է Associated Press-ը:
Օրեր առաջ Ավստրիայում ձերբակալվել եւ հայրենի Կոսովո են արտաքսվել 8-ամյա երկվորյակները եւ նրանց հայրը: Երկրում մնացել է ընտանիքի մայրը, ով հոգեբուժական օգնություն է ստանում: Ընտանիքը Ավստրիայում էր 2004 թվականից:
Բացի այդ, նշվում է նաեւ 14-ամյա հայ աղջկա մասին, ով անհետացել է չորեքշաբթի օրը` մինչ ոստիկանությունը նրան դպրոցից կվերցներ եւ կվտարեր երկրից: Աղջկա մայրը հսկողության տակ է` նրա ինքնասպանության իրական վտանգի պատճառով: Հաղորդում է «Ազատություն»-ը:





























