Չինաստանը ծրագրում է երկրի տարածքում եղանակի  մասշտաբային կառավարում սկսել: Քաղաքական գործիչների եւ գիտնականների ծրագրերի մասին հայտնում է South China Morning Post պարբերականը:

Ըստ Lenta-ի՝ փորձագետներն առաջարկում են մեկնարկել Տիբեթի բարձրավանդակի վրա արհեստական ամպերի ստեղծման պրոցեսը: Դա թույլ կտա տարեկան ավելի քան 5 մլրդ խորանարդ մետր ջուր արտադրել: Անձրեւները պետք է լրացնեն Հուանհե գետի ավազանի ջուրը:

Չինացի գիտնականների նախագծի տեխնիկա-տնտեսական աշխատանքների հիմնավորումը ֆինանասավորել է Ցինհայ նահանգի կառավարությունը: Առաջիկա հնգամյակում տարածաշրջանում եղանակի կառավարման պլանները առաջնահերթություն են:

«Մթնոլորտում սահմանային շերտի եւ ներքնոլորտի միջեւ գոյություն ունի ջրի գոլորշիների փոխադրման կայուն, կարգավորված ուղի, որը կոչվում է «Երկնային գետ»,- հայտարարել է Ցինհայի համալսարանի նախագահ Վան Գուանթյանը:

Գիտնականներն առաջարկում են ջուրը որսալ քիմիական նյութերի օգնությամբ, որոնք մթնոլորտ են հասցվում հրթիռների եւ ինքնաթիռների միջոցով: Եղանակային իրավիճակի օպերատիվ վերահսկման համար նախագծի կողմնակիցներն առաջարկում են ուղեծիր դուրս բերել հատուկ արբանյակ: