Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրադրությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ դիվանագետները դրական են գնահատել հրադադարի հարցով պարտավորությունները կատարելու շուրջ Սիրիայի իշխանությունների կառուցողական տրամադրվածությունը:
Բացի այդ, կողմերը միասնական կարծիք են հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւում միջսիրիական երկխոսություն սկսելու օգտին՝ հիմնված 2012 թվականի հունիսի 30-ի Ժնեւի կոմյունիկեի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2253 բանաձեւի եւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի որոշումների վրա:
Հանդիպման ընթացքում ռուսաստանցի եւ իրանցի դիվանագետները քննարկել են նաեւ Իրաքում, Եմենում, Լիբիայում, Լիբանանում, Պարսից ծոցի գոտում տիրող իրադրությունը:
Հանդիպման արդյունքներով կարեւորվել է մերձավորարեւելյան արդիական խնդիրների շուրջ ռուս-իրանական քաղաքական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը:





























