Հոկտեմբերի 15-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ բնակելի բազմաբնակարան երեք շենքերի հիմնարկեքը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ Կապանի կենտրոնում նախատեսվում է կառուցել 335  բնակարաններ, երիտասարդ ընտանիքների համար:

Շենքի նկարներից ու նկարագրությունից պարզ դարձավ, որ դրանք լինելու են էլիտար շենքեր, որոնց 1 քմ-ի արժեքը 195 հազար դրամ է (շուրջ 540 դոլար): Այսինքն 1 սենյականոց բնակարանը կարժենա, մոտավորապես 23 հազար դոլար, երկու սենյականոցը` շուրջ 28-33 հազար դոլար, երեք սենյականոցը` 40-49 հազար դոլար:

Թեեւ ծրագրի հեղինակներն ասում են, որ դրանք շուկայականից էժան գներ են, սակայն, կապանցիները պնդում են, որ արդեն օգտագործվող բնակելի շենքերում կարելի է բնակարան գնել ավելի էժան գներով: Օրինակ, կապանցիներից մեկը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում առաջարկեց այդ վայրից 500 մ հեռավորության վրա գտնվող 8 հարկանի շենքում վաճառել մեկ սենյականոց բնակարան 15 հազար դոլարով եւ դեռ խոստացավ էժանացնել: Նրա խոսքով, քաղաքի կենտրոնում 1 սենյականոց բնակարանը կարելի է գնել 10-15 հազար դոլարով, իսկ 2 սենյականոցը` 25-30 հազար դոլարով: Ստացվում է, որ նորակառույց բնակելի համալիրում բնակարանների գները շուկայականից բարձր են:

Ծրագրի կազմակերպիչներից մեկը` «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը, ով նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն է, ասաց, որ  բնակարանները կապանցիներին վաճառվելու են ինքնարժեքին մոտ գներով: Նկատենք, սակայն, որ ինքնարժեքը եւս շատ բարձր է` տրանսպորտային ծախսերի բարձր լինելու պատճառով. ցեմենտը, երկաթբետոն կոնստրուկցիաները բերվում են մեքենաներով բավականին մեծ հեռավորությունից:

Եթե Երեւանում նորակառույց շենքերի 1 քմ-ի ինքնարժեքը մոտավորապես 184 հազար դրամ է, Կապանում դա 200 հազար դրամի է հասնում: Արսեն Քարամյանի խոսքով, իրենք կփոխհատուցեն երիտասարդ ընտանիքներին, ավելի արտոնյալ վարկային պայմաններ առաջարկելու տեսքով` նրանց կտրամադրվի հիպոտեքային վարկ 20 տարի ժամկետով, 10 տոկոս տոկոսադրույքով եւ 20 տոկոս կանխավճարով:

Ի դեպ, շենքերը կառուցվելու են Կապանի նախկին ջրավազանի տեղում, որտեղ, ըստ  տեղացիների, Գագիկ Ծառուկյանը պետք է Ջրաշխարհ կառուցեր: Նրանք ասում են, որ իրենք ավելի ուրախ կլինեին, եթե ջրաշխարհը կառուցված լիներ եւ երեխաները խաղալու տեղ ունենային: Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը հետաձգվել է եւ «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն որոշել է այդտեղ բնակելի շենքեր կառուցել` երիտասարդ ընտանիքների համար: Ընդ որում, շենքերի հետ միասին պետք է կառուցվեն խաղահրապարակներ եւ այլ ենթակառուցվածքներ: