Ամերիաբանկն ու Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC (International Finance Corporation) հոկտեմբերի 16-ին սվոպ (swap) համաձայնագիր են ստորագրել։ Կնքված փաստաթուղթը նորարարություն է հայաստանյան ֆինանսական շուկայի համար։

Նշենք, որ սվոպ համաձայնագրով կողմերը ֆիքսում են լողացող տոկոսադրույքները։ Ըստ համաձայնագրի՝ IFC-ն Ամերիաբանկին տրամադրում է ԱՄՆ դոլարով արտահայտված տոկոսադրույքի սվոպ եւ բազմարժույթային սվոպներ, ինչը բանկին հնարավորություն է տալու ավելի լավ կառավարել ներգրավված ֆինանսական միջոցների տոկոսադրույքի ռիսկը։

Համաձայնագրի ստորագրմանը հաջորդած ասուլիսում IFC կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը նշեց, որ կազմակերպությունը բաց է համագործակցության համար, սակայն Ամերիաբանկի հետ կնքված սվոպ համաձայնագիրը դեռեւս առաջինն է Հայաստանում։

Ըստ Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի՝ բանկը մրցակցության լրացուցիչ միջոց ստացավ,  ինչը հնարավորություն կտա անդրադարձ կատարելու վարկերի տոկոսադրույքներին։