Սկանդալներով անցկացված Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնի ընթացքում եւս մեկ դեպք է տեղի ունեցել։ Փառատոնի ընթացքում ներկայացված «180 աստճան» ֆիլմի ցուցադրությունից հետո ծեծի է ենթարկվել ֆիլմի դերասաններից շվեյցարացի Միշել Նեոնշվանդերը։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ «180 աստիճան» ֆիլմի ցուցադրությունից հետո, ֆիլմի հանդիսատեսների մի խումբ տեսնելով շվեյցարացի դերասանին՝ բացականչել է. «Այս մարդուն չէինք վռնդե՞լ Թուրքիայից։ Նա այստեղ ի՞նչ գործ ունի»։ Այնուհետ, կատաղած հանդիսատեսները հարձակվել են դերասանի վրա եւ ծեծի ենթարկել նրան:
Հարձակման ենթարկված դերասանը նախ չի հասկացել թե ինչի համար են իրեն ծեծում։ Հետո պարզվել է, որ նրան ուղղակի նմանեցրել են օրեր առաջ Թուրքիան լքած Էմիր Կուստուրիցային:
Հիշեցնենք, որ Էմիր Կուստուրիցան հրաժարվել էր «Ոսկե նարինջ» կինոփառատոնում ժյուրիի անդամությունից, քանի որ թուրք կինոռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն հայտարարել էր, թե Կուստուրիցայի ներկայության դեպքում իր «Մեղր» ֆիլմը չի ներկայացնի։ Իր հերթին, Թուրքիայի մշակույթի նախարարն էլ հայտնել էր, թե Կուստուրիցայի պատճառով չի մասնակցի փառատոնին:
Կուստուրիցան քննադատել էր իր դեմ իրականացվող այս գործողությունները, թշնամի հայտարարել Թուրքիայի մշակույթի նախարարին եւ հարցրել Քափլանօղլուին, թե ինչո՞ւ նա չի բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին:
Թուրքիայում Կուստուրիցային մեղադրում են բոսնիացիների կոտորածները պաշտպանելու մեջ:




























