Ռադիոյի անալոգային սփռումն ամբողջ Հայաստանով թանկ է եւ իրեն չի արդարացնում, դրա հետեւանքով էլ ռադիոներին շատ հարմար է հեռարձակումը կազմակերպել միայն Երեւանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ նշել է ՀՌԱՀ-ի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով Թեւան Պողոսյանի՝ Հայաստանում ռադիոների հեռարձակման խնդրի վերաբերյալ հարցին:

Թեւան Պողոսյանը մասնավորապես նշեց, որ Երեւանից դուրս հնարավոր չէ մեքենայում լսել հայկական ռադիո, հեռարձակվում են միայն թուրքական, պարսկական ռադիոկայաններ: Նա հարց բարձրացրեց՝ ինչ փոփոխություններ կառաջարկի Տիգրան Հակոբյանը, որպեսզի հանձնաժողովը կարողանա ամբողջությամբ փոխել ռադիոյի հետ կապված այս խնդիրը: Պատգամավորը նշեց, որ  սա նաեւ անվտանգության հարց է՝ ռադիոն տագնապների հայտարարման ժամանակ պետք է աշխատի:

Ի պատասխան Տիգրան Հակոբյանն ասաց, որ Հայաստանում ռադիոյի գովազդային գները շատ նվազ են եւ քանի որ գովազդային բյուջեի ձեւավորումը 60-80 տոկոսով ձեւավորվում է Հայաստանում, ապա ռադիոներին շատ հարմար է հեռարձակումը կազմակերպել միայն Երեւանում՝ օգտագործելով մի հաղորդակ եւ դրանով ստանալ եկամուտ:

«Խնդիրը միայն կարող է փոխվել ռադիոընկերությունների ռադիոհաճախականությունների թվայնացման դեպքում: Երբ նորից կլինի հանրային մուլտիպլեքսիա, որտեղ կլինեն նաեւ մասնավոր օպերատորներ, որը նույնպես օրենքով թույլատրվում է, այդ ժամանակ հույս կլինի, որ այն ռադիոկայանները, որոնք սփռվում են միայն Երեւանում, կարելի կլինի լսել Հայաստանի ամբողջ տարածքում»,-ասաց նա: