Չինաստանը Cacs ատոմային ժամացույց կուղարկի տիեզերք, հայտնում է International Business Times-ը: Այդ ժամացույցն այն աստիճան ճշգրիտ է, որ 1 մլրդ տարում ընդամենը 1 վայրկյան կարող է կորցնել:
Հետազոտող Սյույ Չժենը նշել է, որ տվյալ ժամացույցը կօգտագործվի ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով: «Սա աշխարհում առաջին սառը ատոմային ժամացույցն է, որը կաշխատի տիեզերքում», - հավելել է նա: Չինաստանին առաջինն է հաջողվել նման նախագիծ իրականացնել: ԱՄՆ-ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը չեն կարողացել այս ուղղությամբ առաջատար դառնալ ֆինանսավորման կրճատման պատճառով:
Չինացի գիտնականները նշում են, որ տվյալ ժամացույցը հազար անգամ ավելի ճշգրիտ է, քան այն, ինչ օգտագործվում է GPS արբանյակներում: Այս ժամացույցը կտեղադրեն Tiangong-2 տիեզերական լաբորատորիայում: Այն տիեզերք բաց կթողնեն արդեն սեպտեմբերի 15-ին` Ներքին Մոնղոլիայում գտնվող տիեզերակայանից:
Արժե նշել, որ սառը ժամացույցի ճշգրտությունը բացատրվում է նրանով, որ սառն ատոմներն ավելի դանդաղ են տեղաշարժվում` թույլ տալով ավելի երկար ժամանակ առավելագույնս ճշգրիտ արդյունքներ ստանալ:





























