2016-ին ավելի շատ իրանցիներ են ժամանել Հայաստան, քան ակնկալվում էր։ ՀՀ ԱԳՆ–ին հավելյալ միջոցներ կտրամադրեն նոր վիզաներ տպելու համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստում։

Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ 2016-ին ակնկալվում էր 180-190 հազար վիզայի տրամադրում, որոնց մեծ մասը՝ Իրանի քաղաքացիներին (2015–ին Հայաստան մուտքի վիզաների մոտ 70 տոկոսը բաժին է ընկել հենց իրանցիներին)։ Սակայն 2015–ի ամռանը Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո նկատվեց Իրանից Հայաստան այցելությունների կտրուկ աճ (առաջին 7 ամիսներին աճը կազմել է 47 տոկոս)։ Օգոստոսի 10-ից Իրանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ է սահմանվել։ Հետեւաբար վիզաների պահանջարկը կպակասի, բայց անգամ մինչեւ տարեվերջ ընթացիկ կարիքների համար լրացուցիչ միջոցներ են պետք։

Աճ է նկատվում նաեւ վիզային ռեժիմով այլ երկրներից։ Եթե 2015-ի 7 ամիսների ընթացքում այլ երկրների քաղաքացիներին 33 հազար վիզա է տրամադրվել, ապա 2016-ի առաջին 7 ամիսների ընթացքում՝ արդեն 37 հազար։ 2017-ին ակնկալվում է 70 հազար վիզայի տրամադրում։

Հայաստանի ԱԳՆ–ն վիզաների տպագրության համար 31.8 մլն դրամ է ստացել։

Հիշեցնենք, որ առանց մուտքի արտոնագրի Հայաստան են ժամանում, մասնավորապես, ԱՊՀ երկրների քաղաքացիները, ԵՄ երկրների քաղաքացիները, իսկ 2015–ից՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիները։