ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն ընդհանուր առմամբ չի տարբերվում նախորդներից, միակ նոր բանը «Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներ» ձեւակերպումն է, այն դեպքում, երբ միջնորդներն իրենց նախկին հայտարարություններում այդ արտահայտությունը չէին օգտագործում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

«Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն անհանգստացնող է։ Անհանգստացնող է նաեւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը «Ստեփանակետ/Խանքենդի» կոչելու միտումը, սա արդեն երկրորդ հայտարարությունն է, ուր Ստեփանակերտին զուգահեռ՝ հիշատակվում է Խանկենդի անունը»,- հայտարարեց Մանոյանը՝ ընդգծելով, սակայն, որ ամենամտահոգիչը «դաշտային առաքելությունն» է, որի իրական նպատակը արբեջանցի փախստականներին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելն է։ «Բացի այդ, միջնորդները ոչինչ չեն ասում հայ փախստականների եւ նրանց՝ իրենց նախկին բնակավայրեր վերադարձի մասին»,- նշեց Մանոյանը։

Նա համանախագահների դիրքորոշման մեջ հայկական կողմի համար դրական երանգներ եւս նկատեց։ «Ասելով Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքներ»՝ համանախագահներն ըստ էության խոստովանում են, որ ինքը Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ դա քննարկման հարց չի կարող լինել»:

Վերջում Մանոյանը նկատեց, որ իրավիճակն այլ կլիներ, եւ հայկական կողմը այլ դիրքերից կխոսեր, եթե ժամանակին այդ տարածքների վերաբնակեցում իրականացվեր։