Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին շրջանում երկու երկրների միջեւ տեղի ունեցող ակտիվ փոխայցելությունների, հայ-իրանական փոխշահավետ համագործակցության կայուն զարգացման կապակցությամբ եւ նշել, որ էներգետիկ համագործակցությունը թափ է հավաքում` նորանոր ծրագրեր են մշակվում եւ կյանքի կոչվում:
Մաջիդ Նամջուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը, եւ վերջին շրջանի ակտիվ փոխայցելությունները դրա մասին են վկայում: Նա ներկայացրել է էներգետիկ բնագավառում երկկողմ փոխգործակցության ընդլայնման նպատակով իրանական կողմից ձեռնարկվող քայլերը:
Նախարար Նալբանդյանը կարեւորել է երեկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը եւ այսօր Երեւանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու նպատակով ժամանել են երկու տասնյակից ավելի իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:




























