Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 15-ին ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը, մասնավորապես, ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններում էներգետիկայի ոլորտը միշտ եղել է առաջատարներից մեկը, որը նոր հնարավորություններ կընձեռի այլ ոլորտներում եւս փոխգործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու:
Մաջիդ Նամջուին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահի եւ ժողովրդի ողջույնները եւ հավաստել իր երկրի պատրաստակամությունը` Հայաստանի հետ ամրապնդելու եւ զարգացնելու հարաբերությունները, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերը, կարեւորել արդեն ընթացքի մեջ գտնվող էներգետիկ խոշորագույն ծրագրերից մեկի` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը։
Քաղաքական համաձայնությունները, որ ամրագրվել եւ ամրապնդվել են երկու երկրների նախագահների միջեւ Իրան-Հայաստան երկաթգծի նավթամթերքների խողովակաշարի կառուցման վերաբերյալ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց գործնական արտացոլումն են գտնում փոխգործակցության միջոցով։ Վարչապետը հույս է հայտնել, որ նմանատիպ ենթակառուցվածքների ստեղծումը բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար։ Այդ առումով, կարեւորվել է էներգետիկ ոլորտում նախատեսված ծրագրերի ժամանակին իրագործումը, որում երկու պետություններն էլ շահագրգիռ են։
Տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձաբար կարեւորվել են պետական ու մասնավոր հատվածի համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, մասնավորապես` ջրային տնտեսության կառավարման, ճանապարհաշինության, հեռահաղորդակցության բնագավառներում։




























