Ադրբեջանի չի փոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի լուծման հարցում, այդ երկրում նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո: Անընդհատ կրկնվող ռազմաշունչ հայտարարություններից հետո Ալիեւը չի կարող փոխել երկրի կուրսը: Այս մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի իշխանություններն իրենց հայտարարությունների գերին են դարձել: «Երբ հայտարարությունները դառնում են քաղաքական հետագիծ, ապա իշխանությունները դառնում են այդ հետագծի գերիները` առանց դրանից հրաժարվելու հնարավորության: Ալիեւը ծիծաղի առարկա կդառնա, եթե իր ռազմաշունչ հայտարարություններից հետո, որ պատրաստ է մտնել Երեւան, սկսի խոսել խաղաղության մասին»,- ասել է Սաֆարյանը:

Նա կանխատեսեց, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում կձեւավորվի իշխանությունների համար ձեռնտու խորհրդարան: Նա նաեւ անհնար համարեց պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից երկու պատճառով. նախ Ադրբեջանը վստահ չէ իր հաղթանակի հարցում, երկրորդ. նա չունի պատերազմի լեգիտիմացում միջազգային հանրության կողմից: